Հայաստանին առնչվող բանաձևի ընդունման ֆոնին Ադրբեջանի խորհրդարանը (Միլլի մեջլիս) հայտարարել է Եվրախորհրդարանի հետ կապերը դադարեցնելու մասին, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Որոշման համաձայն՝ Միլլի մեջլիսը դադարեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Բաքվում նաև հայտնել են, որ սկսում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի անդամակցության դադարեցման գործընթաց։
Խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան տեղեկացրել է, որ խորհրդարանում ստեղծվել է նաև հանձնաժողով՝ Եվրոպական խորհրդարանի գործունեության վերաբերյալ որոշում ընդունելու համար։
Գաֆարովան նաև նշել է, որ նախկինում հարաբերությունները դադարեցվել էին Եվրոպական խորհրդարանի «կողմնակալ փաստաթղթերի» պատճառով, սակայն 2016 թվականի սեպտեմբերին վերականգնվել էին։ Նրա խոսքով՝ վերջին տասը տարիները ցույց են տվել, որ ԵԽ-ն չի հրաժարվում Ադրբեջանի նկատմամբ «կողմնակալ մոտեցումից»։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Արցախն օկուպացնելուց հետո այդ «կողմնակալ գործողություններն» ակտիվացել են։
Ապրիլի 30-ին ԵԽ-ն ընդունել էր «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու մասին» բանաձև, որով նաև պահանջել էր արդարություն արցախահայության համար, հայ գերիների անհապաղ ազատ արձակում։ Այս ձևակերպումների համար մայիսի 1-ին Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել էր ԱԳՆ, Բաքուն նրան բողոքի նոտա էր հղել։
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ապրիլի 16-ին ընդունվել էր համապարփակ բանաձև, որը կոչ էր անում ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացումը՝ միջազգային անվտանգության երաշխիքների առկայությամբ։




































