Հայաստանը և ԱՄՆ-ն դիտարկում են հայկական շուկայում ամերիկյան հայտնի բրենդների ներկայացվածության ապահովման և ընդլայնման հնարավորությունները։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ այս հարցերը քննարկվել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և Ֆրանչայզինգի միջազգային ասոցիացիայի (IFA) նախագահ և գործադիր տնօրեն Մեթ Հալլերի հանդիպման ընթացքում։
«Կողմերը դիտարկել են մի շարք բրենդների՝ հայկական շուկայում ներկայացվածության ապահովման և ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով փոխշահավետ գործընկերության զարգացման կարևորությունը»,- նշվել է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները։
Ֆրանչայզինգի միջազգային ասոցիացիան (International Franchise Association) աշխարհի խոշորագույն կազմակերպություն է, որը ներկայացնում է ֆրանչայզինգային համակարգով աշխատող ընկերությունների շահերը։ Հայկական շուկայում ամերիկյան բրենդների ավելացումը դիտարկվում է որպես երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ուղղություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







