Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր հաստատել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Այն պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։
Նշվում է, որ առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է այս որոշումը՝ նշելով, որ այն նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին:
Այսօր ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել էր, որ Եվրամիությունը կքննարկի Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը։
Նյութը թարմացվել է 21.04| 18:35:




































