ԱԺ «Լուսավոր Հայասան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կարծում է՝ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը պետք է ներողություն խնդրի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոնից այն բանի համար, որ հայտարարել է, որ վերջինս 2009թ․ թանկարժեք նվեր է ստացել Սերժ Սարգսյանից։
Ըստ պատգամավորի՝ ամեն ինչ պետք է անեն, որ Վահագն Հովակիմյանը այլևս հանրային պաշտոնյա չլինի, որովհետև որպես պաշտոնյա վտանգավոր է իրավական պետության համար։
«Եթե դուք սա ասել եք՝ չհասկանալով, որ եվրոպացի պաշտոնյային մեղադրել եք կոռուպցիայի մեջ, որովհետև պաշտոնյայի կողմից շատ թանկարժեք նվեր ստանալը կոռուպցիայի դասական տեսակներից է, ապա դա աղետ է ձեզ համար։ Եթե դուք գիտեիք, որ սա կոռուպցիայի դասական տեսակներից է և միտումնավոր պաշտոնյային մեղադրել եք կոռուպցիայի մեջ, ապա կարծում եմ՝ դա զրպարտություն է, դուք պիտի ներողություն խնդրեք դրա համար Ջիանի Բուքիքիոնից»,- այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ ամբոնից ասաց Սամսոնյանը՝ նշելով, որ այն հանգամանքը, որ Հովակիմյանը պնդում է, թե իր խոսքերը խեղաթյուրվել են, մանիպուլիացիա է։
Անի Սամսոնյանի խոսքով՝ Հովակիմյանի այս հայտարարությունը ազդել է Հայաստանի վարկանիշի վրա, քանի որ եթե քրգործ չի հարուցվել նմանատիպ՝ նվերի փաստով, ապա Հովակիմյանը զրպարտել է եվրոպացի պաշտոնյային։
«Քանի որ նորից դիմել եք Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի արդյունավետ համագործակցություն ստացվի, ապա պետք է գտնեք Ձեր մեջ ուժ և այս ամբիոնից ներողություն խնդրեք Բուքիքիոյից»- նշեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







