Շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին անցումը մեր կառավարության կարևորագույն ռեֆորմներից է։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ սա հարկային համակարգի բարեփոխումների շարքի մեջ է դիտակրվում։
«Այս փոփոխությունն ուղղակի կապ ունի համահարթ եկամտի սահմանման որոշման հետ։ Այն ժամանակ շատ էր քննադատությունները, որ համահարթ եկամտահարկ սահմանելով՝ սոցիալական արդարության սկզբունքը խախտում ենք։ Մենք այն ժամանակ դեռ ասացինք, որ պրոգրեսիվության խնդիրը կլուծենք գույքահարկի համակարգի բարեփոխումների արդյուքնում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով այս մասով տեղի են ունենում հեղափոխանական նշանակության փոփոխություններ։
«Չհարկվող անշարժ գույքի հասկացությունը վերացվում է․ Հայաստանում կար իրավիճակ, երբ մինչև 3 մլն դրամ գույքի համար ընդհանրապես հարկ չէր վճարվում։ Մենք արձանագրում ենք, որ սա սկզբունքային սխալ մոտեցում է, որովհետև քաղաքացի-պետություն հարաբերությունները պետք է կարգավորվեն կոնկրետ բանաձևով, իսկ այդ բանաձևը նշանակում է համընդհանուր վերաբերմունք պետական բյուջեի նկատմամբ՝ պետական և տեղական բյուջեի նկատմամբ»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի կարծիքով՝ ամենակարևոր սկզբունքային փոփոխությունը, որը մեր մտածողության մեջ պետք է տեղի ունենա՝ պետական բյուջեի նկատմամբ վերաբերմունքն է։
«Կարող է կոպիտ հնչի, բայց պետական բյուջեի նկամամբ կա երկու վերաբերմունք՝ երբ պետական պաշտոնյաները կամ պետական համակարգը դա համարում է իրենը, իսկ հանրությունը դա համարում է կորսված փող ենթագիտակցության մեջ»,- ասաց վարչապետը։
Պետության ղեկավարի խոսքով՝ սա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։
«Մենք ասում ենք, որ պետական բյուջեի նկատմամբ վերաբերմունք պետք է փոխվի․ դա մեր ազգային գրպանն է, որը պատկանում է բոլորիս և յուրքանչյուրի բարեկեցությունն ու անվտանգույթունը կախված է նրանից, թե ինչքան գումար է հավաքվում այդտեղ։ Հետևաբար, մենք պետական բյուջեին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին ենք վերաբերվում»,- ասաց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







