Այս ռեֆորմների արդյունքում մենք այլևս նախանձով չենք հիշի հարևան հանրապետությունում տեղի ունեցած ռեֆորմները: Այս մասին ԱԺ-ում «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Մեր բնակչության մի զգալի մասը ամեն տարի երբ լինում էր հարևան հանրապետությունում, հետ էր գալիս ու համեմատության մեջ ասում էր՝ նրանք կարողացան, մենք չկարողացանք։ Վերջապես, այս ռեֆորմների արդյունքում հայտնի կարգախոսը կսկսի գործել՝ մերն ուրիշ է։ Հուսով եմ, որ կունենանք ավելի պաշտպանված ոստիկան, որովհետև ոստիկանական ամեն գործողությունից հետո միշտ ոստիկանը մեղավոր է դուրս գալիս․ վերջին գործողությունները Կապանում»,- նշեց Քոչարյանը։
Քոչարյանի խոսքով՝ նախագծի հիմքում դրված են կրթական բարեփոխումները նաև ոստիկանի պատրաստման հարցում: Ըստ նրա՝ ամեն մեկը չէ, որ կցանկանա բարձր աշխատավարձով հայտնվել այդ համակարգում, որովհետև առնվազն պետք է ունենա պատրաստավածության այն աստիճանը, որն այս ռեֆորմների հիմքում է դրված: Ըստ Քոչարյանի՝ բոլորս անելիք ունենք այս բարեփոխումների կայացման գործում, որն էտապներով է լինելու՝ սկսվելու է Երևանից և ապա ներդրվելու է մյուս մարզերում։
«Սա հնարավորություն կտա ունենալ նորովի ոստիկանություն, որն իր տեսքով, որակով, ինտելեկտով կտարբերվի մինչև այդ եղած այդ համակարգի մոտեցումներից․ մենք ունեցել ենք «հրեշտակների» ոստիկանություն, «հրեշտակներն» այդպես էլ հրեշտակ չդարձան, որովհետև ինտելեկտուալ ներուժը բացակայում էր այդ համակարգից, այս ռեֆորմները տալիս է հնարավորություն, որ ունենանք ուժեղ, հստակ կեցվածքով և իր գործողությունների թափանցիկությամբ որևէ մեկի մոտ կասկած չհարուցող ոստիկանություն»,- շեշտեց պատգամավորը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







