Լևոն Մնացականյանն ազատվեց Արցախի Հանրապետության ոստիկանության պետ պաշտոնից: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Արցախի Ոստիկանությունում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Արցախի նախագահը նաև հայտնեց, որ Լևոն Մնացականյանին կփոխարինի Աշոտ Հակոբջանյանը, ով զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:
Արցախի ղեկավարը շեշտեց, որ կադրային փոփոխությունները չեն նշանակում, թե դժգոհ են գործող կադրերից, այն պաշտոնյաներից, ովքեր այսօր ծառայություն են մատուցում, սակայն, ըստ նրա, ժամանակը նոր մարտահրավերներ և պահանջներ է դնում, և էվոլուցիոն, կադրային փոփոխությունը նոր լիցքեր և եռանդ է բերում:
Նա շնորհակալություն հայտնեց Մնացականյանին, ում հետ, ըստ նրա, 28-ամյա ճանապարհ է անցել:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ 2016-ի ապրիլին Բակո Սահակյանի գլխավորությամբ, երբ պաշտպանության նախարարը Լևոն Մնացականյանն էր, ինքը՝ վարչապետը, կարողացել են լուծել երկրի առջև դրված պաշտպանական խնդիրները, նաև կարճ ժամանակում փոխել հանրության տրամադրությունները և լուծել տնտեսական խնդիրները:
Նա ասաց, որ հրաժեշտ չեն տալիս Լ.Մնացականյանին՝ չբացառելով ապագայում համագործակցությունը:
Ա.Հարությունյանը հաջողություն մաղթեց նոր ոստիկանության պետին՝ միաժամանակ նշելով, որ որոշել է նաև շնորհել ոսիկանության գեներալ-մայորի կոչում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







