Բանակի օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն անցել է վերահսկվող պայմաններում և նախապես մշակված սցենարով, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ կենտրոնի ծառայություններից օգտվող 10 հազարից ավելի անձանցից վարչապետի հետ ուղիղ շփման հնարավորություն է տրվել ընդամենը 5-6 զինծառայողի։
Պատասխանատուները նախատեսել են բացառել անակնկալները և ընտրված անձանց հետ նախնական զրույցներ են անցկացրել, շոշափել նրանց տրամադրությունները և հստակեցրել ասելիքն ու անելիքը, նշել է լրատվականը։ Թերթի գնահատմամբ՝ հրապարակված պաշտոնական տեսանյութում պատահական մարդիկ չկային, և յուրաքանչյուրը գիտեր իր դերը։
Թերթը հավելել է, որ կազմակերպիչները վերահսկել են նաև շրջայցին հաջորդած ճաշկերույթի ձևաչափը, որոշել այն անձանց շրջանակը, ովքեր պետք է նստեն Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ։ Նրանք հոգ են տարել խուսափել հնարավոր սուր հարցադրումներից ու անկանխատեսելի միջադեպերից։
ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով ուղերձում Փաշինյանը շեշտել էր՝ Հայաստանը պետք է ունենա ուժեղ բանակ, սակայն այն չպետք է գայթակղիչ լինի ագրեսիայի համար, ՀՀ-ն պատերազմի չի պատրաստվում:




































