Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին, որոնցից մի քանիսն արդեն ստացել են դրանք։ Ծանուցագրերով եպիսկոպոսները որպես մեղադրյալ այսօր հրավիրվում են ներկայանալու Քննչական կոմիտե։
Ըստ տեղեկության՝ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։
Զոհրաբյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը հերթական միջամտությունն է եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակը Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը խոչընդոտելն է։
Փաստաբանը նաև ափսոսանք է հայտնում, որ Քննչական կոմիտեի ղեկավարը, իր խոսքով, շեղվել է իր առաքելությունից՝ նման իրավիճակի մեջ դնելով կառույցում աշխատող բազմաթիվ բարեխիղճ քննիչների։
Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել էր Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին։ Մայր Աթոռից հունվարի 19-ին փոխանցել էին, որ Հայ Առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ՝ Ազգային-եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր կան ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում:
Պաշտոնական Էջմիածինը բազմիցս կոչ է արել «բարենորոգման խորհրդի» անդամ հոգևորականներին վերադառնալ կանոնական դաշտ և խնդիրները լուծել Հայ Առաքելական եկեղեցու ներսում: Վարչապետին միացած եպիսկոպոսները հունվարի 21-ին կոչ էին արել չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը՝ հրաժարվելով մասնակցելուց։
Քննչական կոմիտեն կարգալույծ եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) մասին դատական ակտը չկատարելու և կարգալույծ հայտարարելու հիմքով քրեական վարույթ էր նախաձեռնել։



































