Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը։
Հաշվի առնելով ներկայումս աշխարհում առկա ընդհանուր իրադրություն՝ մասնավորապես, կորոնավիրուսի համաճարակի (COVID-19) հետևանքով առաջացած տնտեսական իրավիճակը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ է լինում սեփական մասնակցությամբ խթանել կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումնարի իրականացմանը: Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո ՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպությունների առկա և հնարավոր ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Ծրագրի առաջնային նպատակն է խթանել մասնավոր ներդրումների աճը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում մինչև 50 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։
Կառավարության կողմից Ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5 միլիարդ ՀՀ դրամի չափով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Ֆոնդի կառավարչի միջև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







