Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավեր առաջարկը՝ Գազայի խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ, հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշել է, որ վարչապետն ստացել էր Թրամփի պաշտոնական հրավերը։
«Վարչապետը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- հավելել է նա։
«Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին Թրամփը հայտարարել էր հունվարի 16-ին: Դա Գազայի համար ամերիկյան առաջնորդի խաղաղության ծրագրի մի մասն է՝ միջազգային ուժերի տեղակայման հետ մեկտեղ: Վաշինգտոնն արդեն հրավերներ է ուղարկել տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների։ Կազմակերպության նպատակն է կայունության խթանումը, խաղաղության ապահովումը և «հուսալի ու օրինական» կառավարման վերականգնումն այն տարածաշրջաններում, որտեղ տեղի են ունեցել հակամարտություններ կամ առկա է դրանց առաջացման վտանգ:
Bloomberg-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը խնդրում է Խաղաղության խորհրդում մշտական տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներին վճարել առնվազն 1 միլիարդ դոլար: Այն պետությունները, որոնք կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա ընթացքում ներդրում կկատարեն, կստանան մշտական անդամակցություն, իսկ մյուսները կնշանակվեն առավելագույնը երեք տարվա ժամկետով։





































