Փետրվարին ԱՄՆ չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց է սպասվում Հայաստան, գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նա չի բացառել, որ ֆորմալ առումով կարող է բացվել նաև «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի»):
Սարգսյանի խոսքով՝ հաջորդ տարվա սկիզբը Հայաստանում չափազանց ակտիվ է լինելու ամերիկյան քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից։ Նա այս համատեքստում խոսել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետկանչի մասին։
«Այս ֆոնին առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում դեսպանի հետկանչի վերաբերյալ տեղեկությունները։ Ինձ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ արդյոք դեսպանը կշարունակի՞ պաշտոնավարել բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում, թե՞ նրան կփոխարինի գործերի ժամանակավոր հավատարմատարը, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում նոր դեսպանի նշանակման հավանականությունը գրեթե զրոյական է»,- հավելել է Սարգսյանը։
Լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ այդ պաշտոնյան ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է։ Ավելի ուշ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ոչ հերքել, ոչ հաստատել էր տեղեկությունը՝ ասելով, որ Հայաստան նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին պատշաճ կերպով և ժամկետներում տեղեկացնում են։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
ԱՄՆ դեսպանատունը դեկտեմբերի 23-ին հայտնել էր, որ երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում:
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան




































