«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեի համաձայն՝ նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով, «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Նրա խոսքով՝ այն կանցկացվի Երևանում կամ Բաքվում։
«Ընդհանուր ընկալմամբ` այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնենք»,- նշել է Բադալյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ առաջարկվել է հաջորդ տարածաշրջանային ձևաչափով հանդիպումն անցկացնել Ադրբեջանում 2024 թվականի հոկտեմբերին, իսկ հաջորդը՝ Հայաստանում։ Նախարարի խոսքով՝ հայկական կողմն այդ ժամանակ չի համաձայնել դրան։ Միևնույն ժամանակ, Բայրամովը հայտարարել է, որ «իրավիճակն այժմ այլ է. այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով»։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսին Երևանում հայտարարել էր, որ նախապատրաստվում է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում երկրների ներկայացուցիչների երրորդ հանդիպումը: ՌԴ ԱԳ նախարարը կողմ էր արտահայտվել, որ այդ հանդիպումները կայանան Երևանում և Բաքվում:
Հարավային Կովկասի հարցերով վեցակողմ համագործակցության ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան) ստեղծման նախաձեռնությամբ 2020 թվականին հանդես էին եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։




































