Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ Գ. Մ.-ն ձերբակալվել է, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Իրավապահները, ըստ հաղորդագրության, պարզել են, որ Գ.Մ.-ն տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն ՌԴ-ում ծավալած գործունեության ընթացքում մեծ գումարներ է վաստակել, նրանից պահանջել է 250 հազար դոլար գումարի չափով անօրինական օգուտ։ Հ.Մ.-ի քույրը, իմանալով այս մասին, դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Հ.-ին, ով ստանձնել է առաջացած գումարային խնդրի լուծումը:
Արդյունքում, Ս.Հ.-ն և Գ.Մ.-ն պայմանավորվել են պահանջված գումարի փոխարեն առավել նվազ՝ 66 հազար դոլարին համարժեք ավելի քան 25 մլն դրամ վճարելու շուրջ, որը տուժողի կողմից փոխանցվել է Գ.Մ.-ին, ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), իսկ Ս.Հ.-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը):
Գ.Մ.-ն ձերբակալվել է, իսկ Ս.Հ.-ի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում՝ դատարան ներկայացնելու համար:





































