«Ես որպես իրավաբան չեմ կարող մեկանաբանել դատարանի որոշումը, քանի որ այն որևէ իրավական տրամաբանություն չունի»,-լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի մերժմանը, նշել է պաշտպան Արամ Վարդևանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանն այսօր որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, ըստ այդմ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
«Դժվար է պատկերացնել, որ մենք ականատես էինք լինելու ՀՀ-ում նման տեսակի արդարադատության, այլ կերպ ասած` տոտալ արդարադատության բացակայության: Իսկապես ցավում եմ, որ նման երևույթի ականատես ենք լինում` լինելով Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, լինելով իրավունքի գերակայությունը որպես սահմանադրական սկզբունք հռչակած երկիր: Երբ տարբեր միջնորդություններ մերժվում էին, կարելի է ասել իրավունքի փշուրներ էին թողնվում, այժմ այդ փշուրներն էլ չկան և դա շատ ցավալի է: Մնացած գործողությունների հետ կապված հավելյալ կասենք իհարկե: Բայց ամեն դեպքում ես նման ցավ եմ ապրում, որ մեր արդարադատությունը նման մակարդակի է`տիկին Դանիբեկյանի նախագահությամբ այն պարագայում, երբ խոսքը գնում է երեկ վիրահատություն տարած ՀՀ երկրորդ նախագահի մասին, երբ այսօր ունենք կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային ցուցանիշ»,-ասել է Վարդևանյանը՝ հավելելով, որ տիկին Դանիբեկյանն անգամ չկարդաց Հովհաննես Խուդոյանի միջնորդության վերաբերյալ հատվածը։
«Հնարավոր չէ տրամաբանական պատճառ ասել։ Պատկերացրեք մի երկիր, որտեղ գործը երկար ժամանակ գտնվում է դատաքննության փուլում և այդ պարագայում հեղինակավոր մարդկանց անձնական երաշխավորությունն, այդ թվում Կարեն Կարապետյանի, ում հեղինակությունն ընդունել է հենց Դատախազությունը, մերժվում է»-ասել է Վադևանյանը՝ համոզմունք հայտնելով, որ անպայման կբողոքարկեն դատարանի որոշումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







