Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, հայտնել են Armenia Today-ի աղբյուրները։
Կոչուբաևին բերման էին ենթարկել, այնուհետև կալանավորել երկու ամսով հոկտեմբերի 17-ին փաստաբանի՝ ֆեյսբուքյան էջում կատարած գրառման համար: Մասնավորապես, անդրադառնալով Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին կալանավորելու հանգամանքին, փաստաբանը քննիչներին անվանել էր «հոգին սատանային վաճառած»։ Փաստաբանը նաև այլ կոշտ արտահայտություններ էր արել քննիչների, դատախազների, դատավորների հասցեին՝ առանց որևէ մեկի անունը նշելու:
Փաստաբանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
Դատարանը Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել էր տնային կալանքի, երբ հայտնի էր դարձել, որ նրա կնոջ առողջական վիճակը ծննդաբերությունից հետո կտրուկ վատթարացել էր, և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։





































