Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը երկու ամսով կալանավերվել է, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Փաստաբանը կալանավորվեց քննիչների, դատախազների և դատավորների անարդար մոտեցումները քննադատելու պատճառով։ Կալանավորվեց միջին ծանրության հանցանքի աբսուրդային մեղադրանքով»,- նշել է Երիցյանը։
Կոչուբաևի նկատմամբ հոկտեմբերի 16-ին հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում):
Երիցյանը շեշտել է, որ դատական նիստը շատ կարճ է տևել՝ ընդամենը մեկ ժամ, դատավոր Մասիս Մելքոնյանը որոշել է նաև տեսակցություններն արգելել։
«24 պաշտպանների ելույթներն ու հարցերը վերջինիս (դատավորի - խմբ.) մոտ գեթ մեկ հարց չառաջացրեց։ Սա արարք էր ընդդեմ ողջ համայնքի։ Փաստաբանի դիրքը, դերն ու հեղինակությունը փաստացի արժեզրկվեց»,- հայտարարել է Երիցյանը։
Քննչական կոմիտեից Armenia Today-ին հոկտեմբերի 16-ին հայտնել էին, որ Կոչուբաևը ձերբակալվել է: Նա ձերբակալվելուց ժամեր առաջ Ֆեյսբուքում անդրադարձել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորմանը. «Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ, ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։ Մկրտիչ սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում (հայտնի որպես ԿԳԲ-ի պադվալ-խմբ.), բայց դուք ոնց շատ տղա կայիք, էտ ձև էլ մնացիք»,- գրել էր նա։






































