Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվել է բացակայելու արգելքով, հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա նշել է, որ Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։
Գլխավոր դատախազության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն էլ նշել է, որ դատախազը, քննարկելով քրեական վարույթով մեղադրյալ Կոչուբաևի պաշտպան Ալեքսանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված՝ Կոչուբաևի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, ինչպես նաև հիմք ընդունելով միջնորդությանը կից Կոչուբաևի կնոջ վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերը, որոշել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխել և որպես խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը:
Ավելի վաղ Ալեքսանյանը հայտնել էր, որ Կոչուբաևի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Նա տեղեկացրել էր, որ բաց նամակ է գրել Վարդապետյանին՝ խնդրելով փոփոխել Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
Դատարանը Կոչուբաևին երկու ամսով կալանավորել էր հոկտեմբերի 17-ին՝ Ֆեյսբուքում նրա հրապարակումից հետո, որտեղ փաստաբանը քննադատել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձերբակալությունը: Կոչուբաևը, մասնավորապես, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին անվանել էր «հոգին սատանային վաճառած» և «շան տղա»:
Համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որտեղ փաստաբանին գետնին էին տապալել դիմակավորված ուժայինները՝ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների գործով դատական նիստից հետո: Փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու մասին հայտնել էին նրա գործընկերներ Վարազդատ Հարությունյանն ու Ռուբեն Մելիքյանը:






































