Հոկտեմբերի 20-ին Գյումրիում ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեղի ունեցած ակցիայի 24 մասնակից է կալանավորվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հավելել են, որ «զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»։ Բացի 24 կալանավորվածից, 15 անձի նկատմամբ տնային կալանք, 1 անձի նկատմամբ էլ վարչական հսկողություն է կիրառվել։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձել էին թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին, ինչի հետևանքով բախումներ էին սկսվել։ Քաղաքացիներին բերման էին ենթարկել, այդ թվում՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որը փորձել էր կանխել ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը։ ՔԿ-ն ավելի ուշ քրեական վարույթ էր նախաձեռնել:






































