Գյումրիի համայնքապետարանի շենքում կատարվում են քննչական գործողություններ, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նա տեղեկացրել է, որ քննչական գործողությունները Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում են։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ «խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքներով» ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձել էին թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին։
Այդ ընթացում իրավապահների ու քաղաքացիների միջև բախումներ էին սկսվել, ինչից հետո քաղաքացիներին բերման էին ենթարկել, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որը փորձել էր կանխել ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը։ ՔԿ-ն ավելի ուշ քրեական վարույթ էր նախաձեռնել, որի շրջանակում հոկտեմբերի 21-ի դրությամբ 33 ձերբակալված կա։
Ընդդիմությունը Ղուկասյանի նկատմամբ գործողությունները կապում է Միութենական պետությանը սատարող Ղուկասյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության հետ։ Փաշինյանը նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։
Կարդացեք նաև՝
Թյուրիմացությունը կշտկվի․ Փաշինյանը՝ Ղուկասյանի և Միութենական պետության նրա հայտարարության մասին
Չեմ իջնի իրենց մակարդակին․ Ղուկասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու համար․ փաստաբաններ





































