Վանաձոր համայնքի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին օժանդակող անձը հայտնաբերվել և կալանավորվել է, հայտնել է Քննչական կոմիտեն։
Համայնքապետին օժանդակող անձի՝ Գ.Ս.-ի հետ քաղաքապետը կնքել էր ձևական առուվաճառքի պայմանագրեր և կեղծ փաստաթղթերի, հաշիվ-ապրանքագրերի միջոցով խեղաթյուրել առանձնապես խոշոր չափերով՝ 150 մլն 901 հազար 987 դրամ արժեքով գույքի հանցավոր ծագումը, տնօրինաման եղանակը, իրական պատկանելիությունը, ինչպես նաև ստացված գույքը դրել են շրջանառության մեջ և դրան հաղորդել օրինական տեսք:
Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը, որը պատժվում է ազատազրկմամբ մինչև 3 տարի ժամկետով) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարի ժամկետով):
Հունիսի 23-ին հայտնել էինք, որ ձերբակալվել են Դարբինյանը և ևս 3 անձ։ Դարբինյանը Վանաձորի քաղաքապետի պաշտոնում աշխատել է 1999-2016 թվականներին։




































