ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել Փարաքար համայնքում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած սպանությունների ու սպանության փորձի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ նախնական տեղեկությունների համաձայն՝ դիմակով և ձեռնոցներով տղամարդը մոտեցել է այնտեղ կանգնած երեք անձանց՝ համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին, նրա ընկեր, Արարատի մարզի քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանին և Արծրուն Գալստյանին, կրակահերթ է բացել՝ սպանելով երկուսին և վիրավորելով մեկին։
Սարգսյանը լրագրողներին պատմել է, որ ոստիկանությունը սեպտեմբերի 23-ին, մոտավորապես ժամը 23:50-ին, ահազանգն ստանալուն պես օպերատիվ խմբեր է ուղարկել դեպքի վայր՝ ՆԳ նախարարի գլխավորությամբ։
Նրանք պարզել են, որ սպանվել են Գրիգորյանն ու Աբրահամյանը, իսկ Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել:
«Այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- տեղեկացրել է Սարգսյանը։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի և Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Գալստյանի վիրավորվելու մասին: Գրիգորյանը Փարաքարի ղեկավար էր ընտրվել մարտին կայացած ընտրությունների արդյունքներով։ Նա առաջադրվել էր ընդդիմադիր «Միասնություն» դաշինքից, որի կազմում էին «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները։ Քաղաքական ուժերը, գործիչները դատապարտել են այդ միջադեպը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







