«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն արձագանքել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։
«Սպանվել է մեր լավագույն ընկեր, բացառիկ հայրենասեր, Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։ Աստված հոգին լուսավորի»,- գրել է Թանդիլյանը։
«Ապրելու երկրր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լրագրողներին հայտնել է, որ չի կարծում, թե Գրիգորյանը որևէ մեկի հետ կոնֆլիկտ կունենար։ Նա հայտարարել է, որ ՀՀ իրավապահների համար պետք է ազդակ լինի, որ հանցագործները փողոցում կարող են սպանել նաև ոստիկանի։
Գրիգորյանի սպանությունը դատապարտել են նաև մի շարք ընդդիմադիր գործիչներ։
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի խոսքով՝ Գրիգորյանը «կեղծ 4-րդ Հանրապետության առաջին զոհն էր», և տեղի ունեցածն ահաբեկչական «գործողություն է, ոչ թե պարզապես սպանություն»։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծել է, որ ժողովրդի կողմից ընտրված, նրանց վստահությունն ու սերը վայելող համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների, «իսկ բարձագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքները՝ պետական քաղաքականության»։
«Սա երկրում տիրող ամենաթողության, արդարության և արդարադատության պակասի, մահաբեր բանդաների գործներության և անպատժելիության վկայությունն է»,- հայտարարել է Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ իրավապահ համակարգն զբաղված է այլախոհների դեմ ռեպրեսիաներով, ճնշումներով՝ փոխանակ կանխի նման դեպքերը:
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ևս ցավակցել է․ «Ցավով տեղեկացա իմ գործընկեր, հայրենասեր հայ, սիրված համայնքապետ և պարզապես լավ ընկերոջ անժամանակ մահվան մասին: Ցավակցություններս Վալոդյայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և համախոհներին»:
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին: Գրիգորյանը Փարաքարի ղեկավար էր ընտրվել մարտին կայացած ընտրությունների արդյունքներով։ Նա առաջադրվել էր ընդդիմադիր «Միասնություն» դաշինքից, որի կազմում էին «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները։
Փետրվարի 5-ի գիշերը զինված հարձակում էր տեղի ունեցել Մերձավանի ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, զոհվել էր նրա հորաքրոջ որդին, վիրավորվել՝ ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր նաև Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։




































