Երևանի նախկին քաղաքապետը և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը, Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, թիվ 185 հանրակրթական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողատարածքից 1939 քմ մակերեսով հողամասն առանձնացրել են, բաժանել մի քանի գույքային միավորների և ձևական աճուրդների միջոցով օտարել իրենց հետ փոխկապակցված անձանց, հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ այնուհետև ձևական առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերի հիման վրա այդ հողատարածքները դարձրել իրենցը կամ իրենց մերձավորներինը՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պետության և համայնքի իրավունքներին և օրինական շահերին։ Ըստ ՔԿ հրապարակման՝ վերջիններս մի շարք անձանց օժանդակությամբ փողերի լվացման եղանակով օրինականացրել են հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը:
Նշվում է նաև, որ Երևանի նախկին քաղաքապետը, մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, թիվ 16 հատուկ դպրոցի զբաղեցրած հողատարածքից 3693 քմ մակերեսով հողամասը, թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած հողատարածքից 575 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև նույն ուսումնական հաստատության օգտագործմանը հանձնված հողատարածքից 863 քմ մակերեսով հողամասն առանձնացրել և ձևական աճուրդի միջոցով օտարել է իր մտերիմ անձանց, որից հետո փողերի լվացման եղանակով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 16 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։






































