Կոռուպցիոն բնույթի գործի շրջանակում Երևանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների պաշտոնյաներ են ձերբակալվել, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ըստ նրա՝ 7-8 ձերբակալված կա, այդ թվում՝ քաղաքապետարանի աշխատակիցներ։ Օհանջանյանը չհաստատեց պաշտոնյաների անունները, ինչպես նաև չհայտնեց նրանց հստակ թիվը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ քաղաքապետարանի մի քանի աշխատակից է ձերբակալվել, սակայն գերատեսչության մամուլի ծառայությունից Armenia Today-ին ասացին, որ ավելի մանրամասն տեղեկություն հայտնել չեն կարող։
Ըստ News.am-ի՝ քաղաքապետարանից ձերբակալվել է 7 պաշտոնյա, որոնց թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։