Քննչական կոմիտեն քննչական գործողություններ է սկսել Բաքվից վերադարձած 32 հայ գերիների նկատմամբ, Armenia Today-ին ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ նրանցից շատերը տուժող են ճանաչվել 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի գործով։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը չմանրամասնեց, թե քանի տուժողի մասին է խոսքը։
«Մի քանիսը պատերազմից հետո շփման գծի տարբեր հատվածներում տեղի ունեցած գերեվարումների դեպքերով քննվող վարույթներով են անցնում՝ որպես տուժող»,- հավելեց Աբրահամյանը։
Նա չհայտնեց նաև, թե Բաքվից վերադարձած զինվորների մեջ կա՞ն արդյոք նրանք, ովքեր Քննչական կոմիտեի քննած գործերով վկա են ճանաչվել՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիությունը։
Դեկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Հայաստան վերադարձած գերիները «Մուրացան» ԲԿ-ում բուժզննում էին անցել:
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի գրասենյակը և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ գերիների, իսկ հայկական կողմն իր հերթին՝ երկու ադրբեջանցի զինվորականի։ Նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինծառայողների անունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







