Երևան քաղաքի 28-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել է, որ դեպքից առաջ տուժողի և վերջինս ծանոթի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, նախնական տվյալներով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հարցերի շուրջ, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«Դեպքից առաջ տուժողի և վերջինս ծանոթ, Արմավիրի մարզի 26-ամյա բնակչի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, նախնական տվյալներով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս, Երևանի 28-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա պարանոցի և կրծքավանդակի շրջանում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այնուհետև հրկիզել է բնակարանը և դեպքի վայրից հեռացել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արմավիրի մարզի 26-ամյա բնակչի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:
Օգոստոսի 21-ին ՔԿ-ն հայտնել էր Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի բնակարաններից մեկում 28-ամյա տղամարդուն հրկիզելու և սպանելու մեջ կասկածվողին ձերբակալելու մասին: Ավելի ուշ ՀՀ ՄԻՊ-ը հայտնել էր, որ իրականցնում է սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածման մշտադիտարկում Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի սպանության դեպքի առնչությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







