Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տարածքից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանում հարցաքննվել է, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։
Ըստ Ադրբեջանի դատախազության՝ Վագիֆ Խաչատրյանը բժշկական հետազոտության է ենթարկվել ու տեղափոխվել է բուժհաստատություն, որից հետո նրան փաստաբան և թարգմանիչ են տրամադրել։ Նշվում է, որ նրան «մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ կատարվում են այլ քննչական գործողություններ»։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։ Հայաստանը հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ ՄԻԵԴ-ը Բաքվին պարտավորեցրել է Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել մինչեւ օգոստոսի 8-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







