Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) արձագանքել է Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետում Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը:
ԿԽՄԿ-ն նշել է, որ Լաչինի միջանցքով 15 հիվանդի հումանիտար տեղափոխման ժամանակ «մեկ բուժառու ձերբակալվել է»։
Կազմակերպությունը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերից իր՝ միջազգայնորեն ճանաչված մարդասիրական մանդատի շրջանակներում նպաստել է Լաչինի միջանցքով ավելի քան 680 բուժառուի տեղափոխմանը։
«Մենք թափանցիկ ենք աշխատում։ Մենք համակարգում ենք մեր գործողությունները կողմերի հետ և գործում միայն նրանց համաձայնությամբ։ Այդպես է եղել նաև այսօր։ Բուժառուների տեղափոխումը կարևոր նշանակություն ունի խոցելի բնակչության համար: Մենք հնարավորինս շուտ կայցելենք ձերբակալված բուժառուին և կապ կպահենք նրա ընտանիքի հետ: Բոլոր շահագրգիռ կողմերին, որոշում կայացնողներին կոչ ենք անում հարգել մեր բացառապես մարդասիրական առաքելությունը»-հայտարարել Է ԿԽՄԿ-ն։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին՝ տեղեկացնելով, որ նա, «որպես մեղադրյալ» է անցնում Բաքվում հարուցված քրեական գործով: ՀՀ ՄԻՊ Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, իսկ նրա իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։
Հուլիսի 29-ին Արցախի քաղաքացիները Վագիֆ Խաչատրյանի ազատության պահանջով ակցիա են իրականցրել Ստեփանակարետի ԿԽՄԿ գրասենյակի դիմաց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







