Ազգային ժողովն այսօր՝ մարտի 6-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց է ատելության խոսքի՝ բռնության հրապարակային կոչի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու համար քրեական պատասխանատվություն սահմանող կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտնեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, և եթե նախագիծն ընդունվի, երկրորդ ընթերցմամբ քննարկման համար կներկայացնեն առաջարկներ:
«Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի, սակայն երկրորդ ընթերցմամբ քննարկման համար կներկայացնեն իրենց առաջարկությունները:
Ընդհանուր առմամբ, նախագիծն ընդունվեց 91 կողմ, 21 ձեռնպահ ձայների համաբերակցությամբ։
Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհահայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար:
Կոչեր ասելով պետք է հասկանալ անձանց գիտակցության և կամքի վրա այնպիսի ազդեցությունը, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելուն: Քարոզն անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության գործադրելուն ուղղված գաղափարների տարածումն է: Որպես քարոզ չի կարող դիտվել բռնություն գործադրելուն ուղղված գաղափարների տարածումը միայն մեկ անձի մոտ:
Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ թե ցանկացած բռնության կոչի, այլ միայն հանցակազմում թվարկված հանգամանքներով պայմանավորված բռնության կոչերի համար: Այդ գործերի քննությունը կվերապահվի ՀՀ քննչական կոմիտեին:
Հանրային վտանգավորության տեսանկյունից արարքը համարվելու է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար պատասխանատվություն է նախատեսվելու կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-պատիկի չափով և ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







