Հատուկ քննչական ծառայության քննիչը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախիկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ: Այսինքն նշված պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով «Հաղթանակ» զբոսայգու մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող, 2.990.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, օտարման ոչ ենթակա 10000 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով 164.760.000 ՀՀ դրամով, օտարվել է մասնավոր ընկերության, և հասարակությունը հանիրավի զրկվել է ազգային զբոսայգու մի ստվար հատվածից:
Նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված ժամկետները, նշված անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին և հայտնել, որ չեն առարկում ոչ արդարացնող, այն է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նշված հիմքով նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Որոշման օրինակն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն օտարված հիշյալ անշարժ գույքի գործարքներն առ ոչինչ ճանաչելու և գույքային միավորը պետության հաշվեկշիռ վերադարձնելու պետական շահերի հայց ներկայացնելու հարցը քննարկելու նպատակով:
Մարինա Օհանջանյանը նշեց, որ գործը չի կարճվել, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետով պայմանավորված։
ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է «Հաղթանակ» զբոսայգուն հարակից տարածքներում գտնվող առանձնատների կառուցման համար հողահատկացման իրավաչափությունը և մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







