Ապրիլի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնել է ՄԻՊ-ը։
Այն անցկացվել է ընդլայնված կազմով, որին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, Փաստաբանների պալատի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ: Նիստի բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ ընդգծել է, որ մարդու իրավունքներին առնչվող խնդիրների արդյունավետ լուծման համար, առավել ևս, եթե դրանք վերաբերում են զինված ուժերին, էական է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Կորոնավիրուսային (Covid-19) համավարակի և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո զորքերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք խնդիրներ, որոնք վեր են հանվել Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքների, ահազանգերի և զորամասեր մոնիթորինգային այցերի ժամանակ:
Քննարկվել են զորահավաքային զորակոչի և զորահավաքային ծառայության ընթացքում քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների, ներառյալ՝ առողջական ու սոցիալական բնույթի խնդիրներ:
Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանին առընթեր «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով» փորձագիտական խորհրդի նիստերին խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:
Պաշտպանը կարևորում է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլև իրավասու պետական մարմինների, հատկապես՝ Պաշտպանության նախարարության ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պատասխանատու ստորաբաժանումների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







