ՀՀ ՄԻՊ աշխատակազմն անդրադարձել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությանը:
Նշենք, որ հայտարարության մեջ ընդգծվել էր, որ Ադրբեջանը բռնություն է կիրառել և խոշտանգել է հայ ռազմագերիներին:
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունն Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումների արձանագրման վերաբերյալ և այն համարում բացարձակ կարևորության քայլ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Իրավապաշտպան այս կազմակերպության օրինակին պետք է հետևեն մյուս իրավապաշտպան կազմակերպությունները, և արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։
Ադրբեջանի իշխանությունները, զինված ուժերը կոպտորեն խախտել են հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքի, առողջության պահպանման, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության իրավունքները, երեխաների լավագույն շահերը, գերիներին չվերադարձնելով շարունակում են պատճառել հոգեկան տառապանքներ և այլն: Այս ամենը՝ ադրբեջանական իշխանությունների կատարածը, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են:
Հանցանք կատարած անձինք, ադրբեջանական իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Դա բացարձակ անհրաժեշտություն է հենց ապագայում նման հանցավոր արարքները կանխարգելելու և խաղաղ գոյակցության հիմքեր ապահովելու համար: Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ»,-նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







