ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով: Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա հայտնեց, որ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել Ադրբեջանի Հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում առաջին իսկ օրվանից այլ երկրներից վարձկաններ հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ:
Ադրբեջանի զինված ուժերը փաստորեն հարկադրել են վարձկաններին՝ հրադադարի պայմաններում շարունակել Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ռազմական գործողությունները Հորադիզի շրջանում՝ կրելով Ադրբեջանի զինված ուժերի համազգեստ:
Ակնհայտ է, որ օրերս ՀՀ, ԱՀ և ՌԴ ԱԳ նախարարների ձեռք բերած մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունը նույնպես Ադրբեջանը չի պահպանում՝ շարունակ հրետակոծելով խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակավայրերը։ Գերիների ու զոհերի դիերի փոխանակման հնարավորությունը իսպառ վերանում է։
Այսպիսով՝ նշված հանցագործությունը լիարժեք բացահայտելու, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ ԳԴ կօգտագործի իրավական ակտերով սահմանված գործիքակազմը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







