Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր ընթացավ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը։
Դատական նիստին պաշտպանները ներկայացրին երկու միջնորդություն։
Պաշտպանները միջնորդել են թույլատրել «Արա և Այծեմնիկ» բաց բաժնետիրական ընկերության դրամական միջոցների հաշվին կատարել բյուջեի հանդեպ պարտավորությունները։ Դատարանին ներկայացվեցին ընկերության բանկային հաշիվների դրամարկղի մնացորդի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները։
Դատարանն արձանագրեց, որ դեռևս քրեական գործի նյութերը հետազոտված չեն. ««Արա և Այծեմնիկի» գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը և դրանից բխող հանգամանքները մանրամասն հետազոտված չեն։ Դատարանը լիազորված է որոշում կայացնել թույլատրել, որպեսզի «Արա և Այծեմնիկը» կատարի իր հարկային պարտավորությունները»։
Դատարանը որոշեց, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։
Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր քրեական գործի վարույթը կարճելուն՝ գործով ամբաստանյալի ծանր հիվանդության հիմքով։
«Պայմանավորված Գրիգորյանի ծանր հիվանդություններով՝ սույն քրեական գործի դատական նիստերը դատարանի համապատասխան որոշումներով հետաձգվում են արդեն 1 տարի 2 ամիս։ ՀՀ քրեական դատավարության 295-րդ հոդվածի ուժով դատարանը կասեցնում քրեական գործի վարույթը, եթե մեղադրյալը, ամբաստանյալը հիվանդացել է ծանր հիվանդությամբ»,- ասաց պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։
Դատարանը նիստը հետաձգեց՝ հաջորդ դատական նիստին միջնորդությունը քննելու համար՝ նշելով, որ հաջորդ դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել միջնորդությունը հաստատող կամ հերքող ապացույցներ, փաստաթղթեր։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
2018 թվականի հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:
Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը հունվարի 15-ին դատարանի որոշմամբ փոխարինվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







