Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը։
Դատական նիստին քննվեց Արա Բաբլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նրա պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը։
Ըստ Վարդևանյանի՝ քրեական հետապնդումը տեղի է ունեցել ակնհայտ խախտումներով, և առանց որևէ քննչական գործողության. 308-րդ հոդվածով մեղադրական եզրակացությունը հաստատվել և ուղարկվել է դատարան։
Ըստ պաշտպանի՝ ակնհայտ է, որ տվյալ դեպքում մեղադրանքը հարուցված է այնպիսի տրամաբանությամբ, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը մեղադրանք առաջադրելու պահին գոյություն չի ունեցել։
Գործով մեղադրող դատախազն էլ առարկեց միջնորդության դեմ՝ ասելով, քանի դեռ դատարանում ապացույցները հետազոտված չեն, դատարանը մեղադրանքների փոփոխությանը գնահատականներ տալ չի կարող։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ներկայացված միջնորդությունները։ Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 17։30-ին։
Հիշեցնենք, որ փաստաբան Վարդևանյանն այդ միջնորդությունը ներկայացրել էր մայիսի 13-ին։
Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ԱԺ նախագահ, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, նա չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Արսեն Բաբայանն, ըստ մեղադրանքի, 2018 թվականի մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







