ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների համար անցկացվող մրցույթներ արդյունքները:
Ըստ հաղորդագրության՝ հունիսի 29-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել են համապատասխան մրցույթներ: Դրանց արդյունքներով գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել դատախազների պաշտոնների 7 թեկնածուների վերաբերյալ, որոնք կատարելու են վերոնշյալ օրենքով նախատեսված գործառույթներ:
Հանձնաժողովը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում հավանություն է տվել Սրբուհի Գալյանի թեկնածությանը, ով ներկայումս զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 11-ին Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ապրիլի 16-ին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման մասին» օրենքը։