Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ հուլիս 2-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին դատավորը նշեց, որ թեև սկզբնական շրջանում, համավարակով պայմանավոված, դատարանի համար ընդունելի էր ամբաստանյալների ու նրանց պաշտպանների բացակայությունը, սակայն այդուհանդերձ անթույլատրելի է համավարակով պայմանավորված անընդհատ դատական նիստերը հետաձգելը։
«Ըստ էության, մի քանի դատական նիստեր չեն կայացել՝ հաշվի առնելով պաշտպանների դիմումը՝ համավարակով պայմանավորված դատական նիստերի հետաձգելը։ Սակայն մի հանգամանք պետք է փաստենք, որ թեև սկզբնական փուլում է և դատարանի համար ընդունելի էր, սակայն մյուս կողմից մենք ունենք նաև այլ իրավիճակ, օրենսդրության պահանջներ, գործի քննության ողջամտության պահանջը, դատարանի գործունեությունը արտակարգ ռեժիմի պայմաններում օրենսդրությամբ չի սահմանափակվում»,- ասաց դատավորը։
Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա և Սերժ Սարգսյանն առերեսվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







