«Այս նախագիծը պայքար է հետևանքների դեմ, չի վերացնում պատճառը. պատճառը շատ ավելի խորքային է»,- հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով դատարանների կողմից շինթույլտվությունների կասեցման հարցին:
Նրա խոսքով, մի կողմից՝ շինթույլտվությունների հետ կապված կան ակնհայտ խնդիրներ, մյուս կողմից՝ իրավունքի չարաշահումն է առկա, երբ շատ դեպքերում անձինք իրավունքի չարաշահմամբ շինարարությունները կասեցնելու հայցեր են ներկայացնում:
Վարդանյանը խոսեց նաև կոռուպցիոն ռիսկերի մասին.
«Երբ ցանկացած հայցի դեպքում գործընթացը կասեցվում է, դիսկրեցիա ենք տալիս դատավրոներին՝ մի դեպքում կարող է կասեցնել, մյուս դեպքերում՝ ոչ: Սա կարող է առաջացնել կոռուպցիոն ռիսկ: Սա իրոք շատ վտանգավոր է»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ պետք է գտնել բալանս, որ բոլոր կողմերը դուրս գան հաղթանակած:
Պատգամավորը մտավախությունը հայտնեց նաև, որ շինթույլտվությունների կասեցումից բացի այլ վարչական ակտերի դիսկրետ կասեցման հնարավորությունը կարող է խախտել այլ անձնանց այլ իրավունքներ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր ԱԺում քննարկվում է ԱԺ «Վարչական դատավարության» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Վարչարարության հիմունքների և Վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նախագծով առաջարկվում է, որ վարչական ակտի կասեցումը չլինի որպես ավտոմատ կիրառման գործիք, այլ վարչական ակտի կատարումը կասեցվի միայն միջնորդության դեպքում՝ դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու պայմաններում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







