Սիսիանում դասապատրաստման ժամանակ ուսուցչուհու կողմից 6-ամյա տղային ապտակելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում Քննչական կոմիտեն 1 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել, Armenia Today-ը տեղեկացել է ՔԿ-ից։
Քրեական հետապնդումը հարուցվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշներով՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև յոթ տարի ժամկետով-խմբ․)։
Մեղադրյալի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, կասեցվել է նրա պաշտոնավարումը։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր 55-ամյա ուսուցչուհուն ձերբակալելու մասին՝ պարապմունքի ժամանակ վեցամյա տղային ապտակելու կասկածանքով։
Ոստիկանության տվյալներով՝ դեպքի մասին ահազանգն ստացվել էր հոկտեմբերի 8-ին։ Իրավապահների վարկածով՝ կինը հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Սիսիանի բնակարաններից մեկում պարապմունքի ժամանակ մի քանի անգամ հարվածել էր երեխայի դեմքին։ Տեղի ունեցածը հեռախոսով տեսագրել էր տղայի անչափահաս եղբայրը։ Երեխայի մայրը հրաժարվել էր ոստիկանությանը հաղորդում ներկայացնել։
Ուսուցչուհուն ձերբակալել էին հոկտեմբերի 8-ին։ Նյութերն ուղարկվել էին քննչական մարմին, որից հետո քրեական վարույթ էր նախաձեռնվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







