Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնել են Քննչական կոմիտեից (ՔԿ)։
ՔԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 30-ին ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել էր աշակերտուհուն։ Քննությունը պարզել է, որ երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս էր եկել նրա հետևից, ձեռքով հարվածել և քաշելով վերադարձրել դասասենյակ։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը միջնորդել է ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել։ Հսկող դատախազը բավարարել է միջնորդությունը, որից հետո նրա նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ ՔԿ-ից հավելել են, որ նախաքննությունը շարունակվում է։
Դեպքի մասին հոկտեմբերի 6-ին հայտնել էր Shamshyan.com-ը՝ հրապարակելով նաև տեսանյութ, որտեղ ուսուցչուհին հարվածում էր երեխային։ Armenia Today-ին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ դեպքի առնչությամբ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել։
Աշակերտուհու հարազատները ԶԼՄ-ներին պատմել էին, որ ուսուցչուհու հարվածներից հետո երեխայի պարանոցին և ձեռքերին հետքեր էին մնացել, աչքերն ուռել էին, և նա դեպքից հետո մի քանի օր դպրոց չէր հաճախել։ Հարազատները նաև նշել էին, որ ուսուցչուհին նախկինում ևս ֆիզիկական ուժ էր կիրառել աղջկա նկատմամբ։
Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմից հայտնել էին, որ ուսումնասիրություն են իրականացնում ինչպես Վարդաձորի, այնպես էլ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ դեպքերի առնչությամբ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն, իր հերթին, հայտնել էր, որ իրավական գործընթաց կսկսի Վարդաձորի ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







