Կոտայքի մարզում պարեկների «կանգառ» ազդանշանին չենթարկված «Հյունդայի» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով երկու պարեկ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1։35-ի սահմաններում։ Նախնական տվյալներով՝ ծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Նշվում է նաև, որ վիրավորված պարեկներից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել բժշկական կենտրոնից։
ՆԳՆ-ից հավելել են, որ պարեկների ազդանշանին չենթարկվելու և հրազեն գործի դնելու մեջ կասկածվող 2 անձ է ձերբակալվել՝ վարորդը և ուղևորը, հայտնաբերվել է նաև «Հյունդայի» մեքենան։ Ըստ նախնական տվյալների՝ մեքենայում գտնված վարորդն ու ուղևորը Կոտայքի մարզի բնակիչներ են և դեպքի ժամանակ ոչ սթափ վիճակում էին։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ «կանգառ» ազդանշանին չենթարկվելու, այնուհետ մեքենայից հրազենով կրակոցներ արձակելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Armenia Today-ին ավելի ուշ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է երեք հոդվածով։ Առաջինը՝ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 8-րդ կետերով է՝ մի խումբ անձանց կողմից սպանության փորձ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով։
Վարույթը նախաձեռնվել է նաև 264-րդ հոդվածի 1-ին մասով (գույքը ոչնչացնել կամ վնասել, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարով-խմբ․) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարով-խմբ․)։
Թարմացված է՝ 5.10.2026 | 12:13
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







