Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հղել ու հայտնել է, որ իր և երկու հայի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Ադրբեջանի գերագույն դատարան։
Բաբայանը նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-ին իրենց էր փոխանցվել նաև Ադրբեջանի վերաքննիչ դատարանի վճռի էլեկտրոնային տարբերակը՝ ընդհանուր 47 հատորով։
Բաբայանը պնդել է, որ իրենց տրամադրված փաստաթղթերում պաշտոնական ստորագրություններ չկան։ Նրա գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանի վճռի «99,9%-ը» կրկնում է դատախազության և Առաջին ատյանի դատարանի փաստարկները։
«Եթե դատախազությունը և Առաջին ատյանի դատարանը պարզապես ստում էին, մեզ վերագրում էին խոսքեր, որոնք չենք ասել, այստեղ մի քիչ այլ տարբերակ են ընտրել՝ մեր ասածները գրաքննության են ենթարկել, կարևոր բաներ հանել»,- ասել է Բաբայանը։
Նա, որպես օրինակ, նշել է իրեն վերագրվող՝ իբր «հանցավոր միավորման» անդամ լինելու մեղադրանքը։ Բաբայանի խոսքով՝ դատարանում հակափաստարկներ է ներկայացրել և հիշեցրել, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը պաշտոնական բանակցություններ էր վարել Արցախի ղեկավարության հետ։ Նրա պնդմամբ՝ վերաքննիչ ատյանի նյութերում այդ հատվածից հանվել են համապատասխան անուններն ու մանրամասները։
Բաբայանը նաև անդրադարձել է տնտեսական բնույթի մեղադրանքներին՝ պնդելով, որ իր ներկայացրած հակափաստարկները ևս ամբողջությամբ չեն արտացոլվել Վերաքննիչ դատարանի նյութերում։
Նրա խոսքով՝ 47-րդ հատորը, որը բաղկացած է 333 էջից, իրենց ընդհանրապես չի տրամադրվել ընթերցելու համար։ Բաբայանը նշել է, որ այդ հատվածում ներկայացված է Վերաքննիչ դատարանի հիմնավորումը, թե ինչո՞ւ են նախկին որոշումները թողնվել անփոփոխ։
Միաժամանակ՝ Բաբայանը դրական է գնահատել պաշտպանների ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ նշելով, որ դրանում արձանագրվել են, իր գնահատմամբ, օրենքների և միջազգային իրավունքի խախտումներ։
«Փաստորեն՝ մեկնարկում է իրենց Գերագույն դատարանում մեր բողոքի փուլը։ Չգիտեմ՝ երբ են այդ գործը քննելու, բայց գիտեմ՝ ինչով է ավարտվելու․ նույն իրավական, քաղաքական, բարոյական նորմերի խախտումներով, օրենքների չարաշահումներով և չարությամբ»,- ասել է նա։
Բաբայանը կրկին հայտարարել է, որ Բաքվում ընթացող գործընթացը չի համարում միայն իր և մյուս հայերի նկատմամբ դատավարություն։
«Սա լոկ մեր նկատմամբ դատավարություն չէ, սա հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է»,- ասել է նա։
Ուղերձի վերջում Բաբայանը հայտարարել է, որ չեն հուսահատվում և չեն պատրաստվում հանձնվել։
«Մենք չենք հուսահատվում, չենք էլ հուսահատվելու, կանգնած ենք ամուր»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում, Սփյուռքում և այլ երկրներում իրենց աջակցող մարդկանց։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչները Բաքվի շինծու մեղադրանքներով 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման:
Կարդացեք նաև՝
«Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանը կդիմի ՄԻԵԴ
Անհետացել են Բաքվի վերաքննիչ դատարանին ուղղված իմ դիմումները․ Բաբայան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







