Արցախի նախկին ԱԳ նախարար, Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանը հայտարարել է Վերաքննիչ դատարան ուղղված իր բողոք-նամակների և դատարանում ունեցած վերջին ելույթի տեքստի անհետացման կամ առգրավման մասին, տեղեկանում ենք նրա ձայնային ուղերձից։
Բաբայանը դա որակել է որպես քննադատական խոսքը լռեցնելու և միջազգային դատարան դիմելու իրավունքը խոչընդոտելու փորձ և ահազանգել իր դեմ ընթացող շինծու դատական գործընթացին և մարդու իրավունքների կոպիտ խախտումներին։
Իր ուղերձում պաշտոնյան մանրամասներ է ներկայացրել դատավարության ընթացքում տեղի ունեցող «զավեշտալի» դրվագներից։ Ըստ Բաբայանի՝ մեղադրականում որպես «կասկածելի մետաղական իրեր» են ներկայացվել իր ոսկյա խաչն ու արծաթյա թզբեհը, իսկ վկաները տվել են ակնհայտ սուտ և հակասական ցուցմունքներ։ Նա նշել է, որ այս գործընթացը ոչ թե արդարադատություն է, այլ «էթնոքաղաքական վենդետա»՝ ուղղված հայ ժողովրդի անցյալին, ներկային և ապագային։
Բաբայանը կոչ է արել միջազգային հանրությանը և սփյուռքահայությանը միավորվել ու պայքարել արդարության համար։ Դիվանագետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում սատարել են իրենց և ընդգծել, որ իրենց պայքարը հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների է։
Նախկին պաշտոնյան հավելել է, որ չնայած իշխանությունների որդեգրած աշխարհաքաղաքական ատելությանը, երախտապարտ է բոլոր այն նորմալ մարդկանց, ովքեր նույնիսկ այդ պայմաններում մարդկային վերաբերմունք են ցուցաբերել։
Բաբայանին Բաքուն փետրվարի 5-ին դատապարտել էր ցմահ ազատազրկման։





































