«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, գնդապետ Արթուր Ավանեսյանը («Կանդազ»), որը մեղադրվում է ընտրակաշառք խոստանալու մեջ, սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստում հերքել է ընտրություններում աջակցության դիմաց Զինված ուժերում պաշտոն խոստանալու մեղադրանքը։ Նրա խոսքով՝ քննության կողմից արձանագրված զրույցում ներկայացրել է քաղաքական իր ուժի նախընտրական ծրագիրը։
Մեղադրանքի համաձայն՝ Ավանեսյանն Արթուր Իսկանդարյանին առաջարկել և խոստացել է պաշտոն Զինված ուժերում՝ պայմանով, որ նա մասնակցի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին և քվեարկի «Ուժեղ Հայաստանի» օգտին։
Ավանեսյանը հայտարարել է, որ Իսկանդարյանն ինքն է իրեն հայտնել զինվորական ծառայության վերադառնալու ցանկության մասին։
«Հեռախոսով զանգել է, ասել, որ ցանկանում է ծառայել բանակում, ես ասել եմ՝ խնդիր չկա, պիտի ծառայի։ Անգամ առանց որևէ բանի էլ պիտի ծառայի, որովհետև մեր բանակում յուրաքանչյուր անձ պիտի ծառայի»,- ասել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ Իսկանդարյանը նախկինում ծառայել է Զինված ուժերում, և խոսակցությունը վերաբերում էր ծառայության վերադառնալուն։ «Պաշտոն» ասելով՝ Ավանեսյանը նկատի է ունեցել զինվորական պաշտոն։
«Պաշտոնը կարող է լինել տարբեր, օրինակ՝ դասակի հրամանատար։ Դա իր հերթական պաշտոնն է։ Ասել եմ՝ ծառայելու ես, պաշտոն էլ լինելու է, եթե մենք անցնենք»,- հայտարարել է նա։
Ավանեսյանը նաև պարզաբանել է, որ քաղաքացիների հետ զրույցներում ներկայացրել է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ծրագրի դրույթները, այդ թվում՝ ծրագրով նախատեսված 300 000 աշխատատեղի ստեղծումն ու բանակում նախատեսվող բարեփոխումները։ Նրա խոսքով՝ քաղաքացիները հետաքրքրվել են, թե քաղաքական ուժի իշխանության գալու դեպքում կարո՞ղ են բնակարան, հողատարածք կամ աշխատանք ստանալ։
Այն հարցին, թե քննարկվող հեռախոսազրույցից բացի Իսկանդարյանին անձամբ կամ միջնորդների միջոցով առաջարկե՞լ է կոնկրետ աշխատանք, ծառայության անցնել կամ որևէ պաշտոն, Ավանեսյանը բացասական է պատասխանել։
Ավանեսյանը ձերբակալվել էր ապրիլի 27-ին, իսկ ապրիլի 28-ին դատարանը նրան կալանավորել էր երկու ամսով՝ ընտրակաշառք խոստանալու մեղադրանքով։ Նա մեղքը չէր ընդունել և ապրիլի 29-ին, որպես կալանքի դեմ բողոքի նշան, հացադուլ էր հայտարարել։ Հունիսի 25-ին դատարանը կալանքը փոխարինել էր տնային կալանքով։ Սեպտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն դատարանը կրկին մեղմացրել էր խափանման միջոցը՝ տնային կալանքը փոխարինելով վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







