Ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության և ծեծի գործով քրեական վարույթ է հարուցվել երկու քննիչի, ոստիկանի և ևս 4 անձի նկատմամբ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Բոլոր 7 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը։
ՀԿԿ-ից մանրամասնել են, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հարևանությամբ բնակվող քաղաքացուն հարվածներ հասցնելու՝ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նույն քննչական բաժնի երկու քննիչների նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Խոսքը մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության մասին է, որի առավելագույն պատիժը 2 տարվա ազատազրկումն է։
Նշվում է, որ նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, քաղաքացուն ծեծի ենթարկելու առիթով նրա ազգականի՝ ոստիկանության ծառայողի կողմից քննիչներից պարզաբանումներ ստանալու նպատակով կայացած հանդիպումը վերաճել էր խուլիգանության։
Դեպքի առթիվ ոստիկանության ծառայողի և նրա հետ գտնված ևս չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանության համար։ Այս արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը 5 տարվա ազատազրկումն է։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ՔԿ Երևան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի էին ենթարկել Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայոր, Արցախի մարտական խաչ շքանշանի ասպետ Սարգիս Բագրատունյանին։
Քննչական կոմիտեն հերքել էր քննիչների կողմից ոստիկանին ծեծելու մասին տեղեկությունը և հայտնել ոստիկանի ու ևս երկու անձի ձերբակալության մասին։ Ձերբակալված ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել էին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







