Կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում որոշել է պահուստային ֆոնդից գումար հատկացնել Քննչական կոմիտեին և Սահմանադրական դատարանին։ Կառավարության նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
ՔԿ-ին շուրջ 246,3 մլն դրամ կհատկացվի լրացուցիչ փորձաքննությունների իրականացման, իսկ ՍԴ-ին՝ մոտ 38,9 մլն դրամ՝ դատավորների հավելավճարների տրամադրման համար։
ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնը 2026 թվականի առաջին չորս ամիսներին օգտագործել է փորձաքննությունների համար նախատեսված տարեկան միջոցների 69,23%-ը։ Այդ ընթացքում կենտրոնը հետազոտել է 8366 օբյեկտ և տվել 2153 փորձագիտական եզրակացություն։ ՔԿ-ի հիմնավորմամբ՝ լրացուցիչ ֆինանսավորման բացակայության դեպքում քրեական վարույթների քննության ժամկետները կարող էին երկարաձգվել։
ՍԴ դատավորների հավելավճարները սահմանվել են ապրիլին ընդունված օրենսդրական փոփոխություններով։ Ըստ սահմանված կարգի՝ հավելավճարի չափը կախված է պաշտոնավարման ստաժից․ պաշտոնավարման երկրորդ տարում այն կազմում է աշխատավարձի 20%-ը, երրորդ տարում՝ 35%-ը, իսկ չորրորդ տարվանից յուրաքանչյուր հաջորդ տարի ավելանում է ևս 10 տոկոսային կետով։
Հաշվարկում ներառվում է նաև օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց առաջ կուտակված պաշտոնավարման ստաժը։
Հավելավճարները սահմանվել են 2026 թվականի ապրիլին ընդունված օրենսդրական փոփոխություններով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







