«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա խուլիգանության հոդվածի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանի՝ Դատախազություն ներկայացրած հաղորդման հիման վրա:
Հաղորդումը վերաբերում է Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային վայրում մեքենայից «առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու» դեպքին։
Հուլիսի 27-ին սոցիալական ցանցերում տարածվել էր Աբովյանում նկարահանված տեսանյութ, որում մի խումբ անձինք ծեծի էին ենթարկում Ավետ Կոնջորյանին։ Քննչական կոմիտեն Armenia Today-ին հայտնել էր դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու և ձերբակալությունների մասին։
«Հետք»-ի տվյալներով՝ ծեծին նախորդել էր գործարար տարաձայնությունների շուրջ վեճը։
Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ մտադիր է դատական հայցեր ներկայացնել այն անձանց դեմ, որոնք, նրա խոսքով, եղբոր ծեծի կապակցությամբ կեղծ տեղեկություններ և զրպարտություն են տարածում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







