2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում արձանագրվել է լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք, վկայում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցը։
Նշվում է, որ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտման 42 դեպքից 10-ն արձանագրվել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի և քվեարկության օրվա ընթացքում։
Զեկույցի համաձայն՝ արձանագրված 42 դեպքից 1-ը ֆիզիկական բռնություն է, 30-ը՝ տարատեսակ ճնշումներ, իսկ 11-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։
Կոմիտեի տվյալներով՝ մայիսի 8-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 10 դեպք, որոնցից 1-ը՝ ֆիզիկական բռնության, 6-ը՝ վիրավորանքի կամ անհարգալից վերաբերմունքի, 3-ը՝ կիբերհարձակման ձևով։
Զեկույցում նշվում է նաև, որ երկրորդ եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների դեմ վարույթ է ընդունվել 11 նոր դատական հայց, որոնցից 5-ը ներկայացվել են նախընտրական քարոզարշավի թեմաներով։





































