«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գույքի ենթադրյալ հափշտակության հոդվածով, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2001-2020 թվականներին բուժկենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած պաշտոնյան իր հետ փոխկապակցված անձանց ձևական ընդունել է աշխատանքի։ Չնայած նրանք աշխատանքի չեն հաճախել, ՀԿԿ-ի վարկածով՝ բուժկենտրոնի պաշտոնատար անձանց օժանդակությամբ կազմվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա վերջիններս աշխատավարձ են ստացել։
Արդյունքում, ըստ քննության, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ին պատճառվել է շուրջ 30 մլն դրամի վնաս։
Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնի նախկին տնօրենն ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու ամբողջությամբ վերականգնել շուրջ 30 մլն դրամի վնասը։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ նրա ու ևս 8 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը դատարան ուղարկելու միջնորդությամբ հանձնվել են հսկող դատախազին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







